մի վայրկյան...

Քաղաքական վիրուսի դեմ հակամարմինները դանդաղ են ձևավորվում

Քաղաքական վիրուսի դեմ հակամարմինները դանդաղ են ձևավորվում

Խորհրդարանական ընդդիմության համար իդեալական ժամանակներ են՝ 44-օրյա պատերազմն ու Նիկոլ Փաշինյանի բոլոր մյուս խայտառակ ձախողումները երկրորդ պլան մղեցին 20 տարի շարունակ իրենց արածն ու հնարավորություն տվեցին այսօրվա վիճակի համար մեղադրել բացառապես ներկա իշխանություններին։ Այսօրվա իրավիճակի հիմնական մեղավորն իսկապես էլ Նիկոլ Փաշինյանն է, բայց նա ինքը ավելի շուտ ոչ թե պատճառ է, այլ հետևանք։ Որպես կանոն՝ սովորական վիրուսը առողջ օրգանիզմներին առանձնապես մեծ վնասներ չի հասցնում, բայց տևական հիվանդություններից հյուծված ու քայքայված օրգանիզմներին կարող է մահվան դուռը հասցնել։ Նույնն էլ մեր դեպքում է։ Ցանկացած երկրի քաղաքական կյանքում էլ կան ու ակտիվորեն գործում են մանր տրամաչափի պոպուլիստներ ու արկածախնդիրներ, բայց նրանք հաջողության հասնել կարող են միայն հիվանդ հասարակություն ունեցող երկրներում։ Երեքուկես տարի առաջ Հայաստանում հենց դա է տեղի ունեցել՝ ծայրից ծայր կոռումպացված, ոչմիթիզականության աղմուկի տակ մտածելու ունակությունը կորցրած ու հյուծված հասարակության հետ «վիրուսը» կարող էր անել՝ ինչ ցանկանար, և արեց։

Հիմա մարդիկ կամաց-կամաց սթափվում են՝ տեսնելով, թե ինչպես են անհայտ ծագմամբ և արժեհամակարգով ջահելներն ու ինչ-որ անհասկանալի «նանարներ» պետական բարձր պաշտոններ զբաղեցնում ու վայելում կյանքը, իսկ իրենք բառիս բուն իմաստով դարձել են «տուգանվելու մատերիալ»։ Բա ուրիշ ի՞նչ էին սպասում։ Իրենք էին, չէ՞, արցախյան առաջին պատերազմի ու փառահեղ հաղթանակի տարիներն անվանում «մութ ու ցուրտ տարիներ», այսինքն՝ ամեն ինչ ընկալում էին բացառապես նյութական բարեկեցության տեսանկյունից։ Դե Նիկոլ Փաշինյանն էլ օգտվում է դրանից ու ցանկացած հարց լուծելու համար ուղղակի մարդկանց գրպանին է խփում։ Դա նյութապաշտ հասարակության հետ «երկխոսելու» ամենաարդյունավետ ճանապարհն է։ Հայհոյո՞ւմ են իրեն։ Պետք է տուգանքներ սահմանել։ Հավատարմորեն ծառայո՞ւմ են իրեն։ Պետք է պարգևավճարներ բաժանել։ Ինչպե՞ս է արդարացնում Արցախի կորուստը։ «Այ, շուտով ճանապարհները կբացվեն, առևտուրը կզարգանա, կսկսեք լավ ապրել»։ Ինչպե՞ս է «խմբագրում» ընտրությունների արդյունքները։ Ովքեր հաղթել են իրեն՝ ուրեմն նախկին հանցավորների կամակատարներն են ու թալանված փողերով են հաղթել, հետևաբար՝ պետք է քրեական գործեր հարուցել ու բոլորին կալանավորել։ 

Վիրուսն էլ է այդպես գործում։ Գտնում է օրգանիզմի ամենախոցելի հատվածներն ու հարվածը հասցնում հենց այդ ուղղությամբ։ 20 տարի շարունակ հասարակությանը համոզում էին, որ Արցախի հարցում ցանկացած կարգավորում, որը չի նախատեսում առնվազն 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքով անկախ ԼՂՀ, դավաճանություն է։ Նիկոլ Փաշինյանն էլ օգտվեց դրանից ու իր բոլոր նախորդներին մեղադրեց «Արցախը ծախելու» մեջ, հետո չմտածված հայտարարություններով պատերազմ հրահրեց, կորցրեց Արցախը, վտանգեց Սյունիքը, հիմա էլ շարունակում է պնդել, որ ինքը կապ չունի, նախկինները դա վաղուց էին ծախել։ Իսկ մարդիկ գլուխ են ջարդում՝ փորձելով հասկանալ, թե լավ, եղածը եղած է, բայց ի՞նչ պիտի անի Հայաստանն այս վիճակում, որ չի անում։ 

Առաջին հերթին պիտի հաղթահարի վիրուսը, և դա պիտի անի հասարակության իմունիտետը բարձրացնելու ճանապարհով։ Պիտի քաղաքական դաշտից վռնդի ցանկացած մեկին, ով կհայտարարի, որ մեր նպատակը երեք աշխատանքային օրվա ընթացքում Թուրքիան ու Ադրբեջանը գրավելն է, պիտի մերժի կոռուպցիայի ցանկացած դրսևորում, և այլն։ Որովհետև եթե իմունիտետը չկա՝ ի՞նչ տարբերություն, թե որ վիրուսն է մահվան դուռը հասցնելու օրգանիզմը։ Մի վիրուսը կգնա՝ մեկ ուրիշը կհայտնվի։ 

Իսկ «Ապագա կա» ասողներին հավատալը նույնն է, թե հույս ունենաս, որ վիրուսն ինքը կպայքարի իր դեմ ու կբուժի օրգանիզմը։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   77 ԴԻՏՈՒՄ

Կիսվեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ